Հարիսոն Ֆորդն իր ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո խուսափել է պատժից
ԱՄՆ իշխանությունները պատիժ չեն սահմանի հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդի նկատմամբ այն բանի համար, որ նրա ինքնաթիռը Կալիֆորնիայում վայրէջքի ժամանակ քիչ էր մնում բախվեր ուղևորատար ինքնաթիռի, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆորդի փաստաբանին:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարին: Ֆորդի ինքնաթիռը վայրէջք կատարելիս սխալմամբ թռել է American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վրայով, որում այդ պահին եղել է 110 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:
Ֆորդի փաստաբան Սթիվեն Հոֆերը հայտնել է, որ դերասանի գործը փակվել է: «ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը լիարժեք հետաքննություն է անցկացրել՝ ներառյալ Ֆորդի հետ հարցազրույցը, և պարզել է, որ ոչ մի վարչական կամ հարկադիր միջոցներ հիմքեր չունեն»,- հայտնել է փաստաբանը:
Հաղորդվում է, որ Ֆորդը կկարողանա շարունակել օգտվել օդաչուի իր արտոնագրից՝ առանց սահմանափակումների:










