Հնդիկ լուսանկարիչը դրսի տեսարաններ է ստեղծում տնային պայմաններում (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդիկ լուսանկարիչ Վատսալ Կատարիան զբաղվում է գովազդային լուսանկարչությամբ, սակայն նրա իրական կիրքը և հիմնական հոբբին ստեղծագործական և կոնցեպտուալ ֆոտոշարքերն են: Լուսանկարիչը սիրում է մանրանկարչական լուսանկարչությունը, քանի որ դրա միջոցով կարող է իրական դարձնել իր երևակայության մեջ ի հայտ եկած գաղափարները:
«Աշխատելու ընթացքում չեմ օգտագործում թանկարժեք նյութեր կամ պատրաստ ռեկվիզիտ. ամեն ինչ պատրաստում եմ իմ ձեռքով` օգտագործելով հնարավորինս քիչ նյութեր: Մինի սարեր, լեռներ ու բլուրներ ստեղծելու համար սովորաբար օգտագործում եմ գիպս, հին թղթեր, պլաստիկի կտորներ և ներկեր: Երբեմն օգտագործում եմ պոլիպրոպիլենի թերթեր, թխվածքի փխրեցուցիչ` ձյան փոխարեն, այնուհետև ստացված արդյունքը թեթևակիորեն խմբագրում եմ Photoshop-ի միջոցով: Այնպիսի նյութեր եմ օգտագործում, որոնք հանրամատչելի են և որոնք բոլորն էլ կարող են ցանկության դեպքում գտնել և կրկնել իմ փորձերը», - պատմել է լուսանկարիչը Bored Panda-ին:
Վարպետի խոսքով` իրեն 3-15 օր է պահանջվում գաղափարներն իրականացնելու համար:
«Այն պնդումները, թե առանց թանկարժեք սարքերի և նյութերի անհնար է լավ լուսանկարներ ստանալ, ընդամենը միֆ են: Իրականում ձեր գաղափարներն իրագործելու հնարավորություններն անսպառ են, և կարող եք անել այն ամենը, ինչ ուզում եք», - ասել է Կատարիան:




















