Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո տարածված լուսանկարում կասկածելի մորուքավոր տղամարդն ՕԴԶ կապիտան է. լրատվամիջոցներ (լուսանկար)
Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո տեսահսկման խցիկների ֆիքսած և համացանցում տարածված լուսանկարում հայտնված կասկածելի մորուքավոր տղամարդը հայտնել է ոստիկաններին տեղի ունեցածի հետ կապ չունենալու մասին, հայտնում է IslamNews գործակալությունը:
«Ես բաժանմունքում մանրամասն պատասխանել եմ ինձ տրված բոլոր հարցերին: Ինձ հասկացել և լսել են: Ամբողջությամբ համաձայն եմ իրավապահների հետ: Դրանից հետո մեկնել եմ Մոսկվա», - պատմել է Անդրեյ (Իլյաս) Նիկիտին անունով տղամարդը:
Տղամարդու խոսքով` ինքը ոստիկանություն է եկել անմիջապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեսել է իր լուսանկարը:
IslamNews-ի հաղորդմամբ` Նիկիտինը ծագումով Բաշկորտոստանից է և Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է, որը կադրեր է պատրաստում Օդադեսանտային զորքերի համար: Նա ծառայել է Չեչնիայում, կապիտանի կոչումով լքել ծառայությունը, իսլամ ընդունել և վերցրել Իլյաս անունը: Այժմ նա աշխատում է որպես բեռնատարի վարորդ:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:
Միջադեպից որոշ ժամանակ անց ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունի ենթադրյալ կազմակերպչին ֆիքսել են տեսահսկման խցիկները:
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը: Ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը։











