Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ իրականացնողի լուսանկարը

13:36 • 04.04.17

Ռուսական «Հինգերորդ ալիքը» հրապարակել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչական պայթյունի իրականացման համար կասկածվող անձի լուսանկարը:


Ինչպես նշում է ntv.ru-ն, ըստ նախնական տվյալների՝ նա ծնունդով Ղրղզստանից է: Բացի այդ, տեսահսկման խցիկներից վերցված լուսանկարներում երևում է՝ ինչպես է երիտասարդը, ծանր ուսապարկը մեջքին, բռունցքները սեղմած, քայլում կայարանի հարթակով:
 

Ավելի ուշ ԶԼՄ-ները հրապարակել են պայթեցված վագոնի ներսում արված լուսանկարները, որոնցում երևում են  ենթադրյալ մահապարտի ցաքուցրիվ եղած մարմնի մասերը: Դրանց կողքին ընկած է ուսապարկը:


Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը կարող էր իրականացնել 1995թ. Ղրզստանում ծնված և ՌԴ քաղաքացիություն ունեցող Ակբարժոն Ջալիլովը: Նշվում է, որ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հաստատել է կասկածյալի ինքնությունը, սակայն առայժմ հաստատված չէ նրա առնչությունը հանցագործությանը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պայթյունը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը: