ԱՄՆ կինոթատրոնները կցուցադրեն «1984» ֆիլմը` ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի
Ապրիլի 4-ին ամերիկյան մոտ 200 կինոթատրոն կցուցադրի բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը (ռեժիսոր՝ Մայքլ Ռեդֆորդ)` ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` ակցիան կանցկացվի ԱՄՆ-ի 185 քաղաքներում, ինչպես նաև` Կանադայում, Անգլիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում և Խորվաթիայում: Ակցիայի կազմակերպիչները պլանավորել են ցուցադրություններն անցկացնել ապրիլի 4-ին, քանի որ հենց այդ օրն են մեկնարկում Օրուելի վեպի իրադարձությունները:
Նշվում է, որ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո «1984» վեպը բեսթսելեր է դարձել Amazon-ում:
Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիստական վեպը հրատարակվել է 1949 թվականին: Այն պատմում է զանգվածային քարոզչություն և քաղաքացիների ամբողջական վերահսկողություն իրականացնող պետության մասին, որը մարդկանց արգելում է արտահայտել իրենց հույզերն ու ոչնչացնում անցանկալի պատմական փաստերը:










