Բրազիլական սերիալների դերասանուհիները բողոքել են սեռական ոտնձգությունների դեմ՝ հայտնի աստղի շուրջ ստեղծված սկանդալից հետո

11:57 • 05.04.17

Բրազիլական հեռուստասերիալների հայտնի դերասանուհիները և Globo հեռուստաընկերության այլ աշխատակցուհիներ, որոնք մասնակցում են նկարահանումներին, ֆլեշմոբ են կազմակերպել՝ պահանջելով հարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում լուսանկարներ են տեղադրել, որտեղ նրանք լուսանկարված են «Վիրավորել ես մեկին՝ վիրավորել ես բոլորին» գրությամբ վերնաշապիկներով, գրում է ТАСС-ը:


Ակցիայի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը: Նա այդ կարգախոսը տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:


Ֆլեշմոբի համար պատճառ է դարձել Բրազիլիայում հայտնի դերասան Ժոզե Մայերայի պահվածքի շուրջ ստեղծված սկանդալը: Globo հեռուստաալիքի աշխատակից Սուսլեմ Տոնանին մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների համար: Կնոջ խոսքով՝ մի քանի ամիս շարունակ Մայերն իրեն անպարկեշտ հաճոյախոսություններ է արել, ինչպես նաև անվայելուչ կատակներ է արել, իսկ այնուհետև փորձել է դիպչել իրեն՝ հակառակ իր կամքի:


Արդյունքում՝ Տոնանին դիմել է հեռուստաընկերության կադրային բաժին և պատմել տեղի ունեցածի մասին:


Հանրության ճնշումների ներքո Մայերը հրապարակային ներողություն է հայտնել, սակայն դա չի օգնել նրան պահպանել աշխատանքը: Globo հեռուստաալիքը հայտնել է, որ նրան այլևս չի ներգրավի իր սերիալներում նկարահանումների համար:

 

Բրազիլական սերիալների դերասանուհիները բողոքել են սեռական ոտնձգությունների դեմ՝ հայտնի աստղի շուրջ ստեղծված սկանդալից հետո