Հրապարակվել է Հիթ Լեջերի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է դերասան Հիթ Լեջերի մասին «Ես Հիթ Լեջերն եմ» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հասանելի է YouTube-ի SPIKE ալիքում:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` ֆիլմը նվիրված է ավստրալացի և հոլիվուդյան դերասան Հիթ Լեջերին, որը նկարահանվել է «Հայրենասերը», «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» և այլ ֆիլմերում: «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներով։
Coming Soon-ը գրում է, որ դերասանին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նրա բարեկամները, ընկերներն ու գործընկերները, մասնավորապես` դերասաններ Նաոմի Ուոթսն ու Էմիլ Հիրշը, ռեժիսորներ Էնգ Լին և Քեթրին Հարդվիքը:
Նշվում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 23-ին` Թրայբեքի կինոփառատոնի շրջանակներում:










