Ապրի'ր արագ, մահացի'ր երիտասարդ. այսօր Կուրտ Քոբեյնի մահվան 23-րդ տարելիցն է (լուսանկարներ)
Այսօր ամերիկյան Nirvana ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահվան 23-րդ տարելիցն է: Հայտնի է, որ Քոբեյնը ներառված է տխրահռչակ «Ակումբ 27»-ի` մշակույթի զարգացման վրա մեծ ազդեցություն գործած և 27 տարեկանում մահացած երաժիշտների ցանկում:
Bigpicture-ն անդրադարձել է Nirvana-ի պատմությանն ու ներկայացրել Քոբեյնի կարիերայի ամենահիշարժան պահերը՝ դրանք համալրելով խոսուն լուսանկարներով:
Հայտնի է, որ Nirvana խումբը, չնայած իր կարճատև գոյությանը, շատ կարևոր և պատվավոր տեղ է զբաղեցրել ռոք երաժշտության պատմության մեջ:
«Experiencing Nirvana: Grunge in Europe, 1989» գրքում ներկայացվել են Բրյուս Պավիտի հեղինակած լուսանկարները, որոնք արվել են խմբի շրջագայությունների ընթացքում: Գրքում տեղ են գտել խմբի բեմային լուսանկարները:
«Նրանք հանդիսատես չունեին, նյութը շատ թույլ էր, սակայն Քոբեյնը հրաշալի ձայն ուներ: Ես կարող էի հետևել խմբի աճին. ժամանակի ընթացքում նրանք ավելի լավն էին դառնում»,- պատմել է լուսանկարների հեղինակ Պավիտը:
«Երբ առաջին անգամ տեսա Nirvana-ն բեմի վրա, Քրիստը և Կուրտն անընդհատ նայում էին իրենց ոտքերի տակ. ընդհանրապես էքսպրեսիա չկար: Սակայն առաջին ելույթից 2-3 ամիս անց ներկա եղա նրանց ելույթին լոնդոնյան Vogue ակումբում, երբ Կուրտը բեմից ցատկեց մարդկանց ամբոխի մեջ, և ամբոխը գրկեց նրան», - պատմել է Պավիտը խմբի հետ կապված իր հիշողությունները:
Կուրտ Քոբեյնը մահացել է 1994 թվականի ապրիլի 5-ին`իրականացնելով իր և պանկ ենթամշակույթի ներկայացուցիչների կարգախոսը. «Ապրի՛ր արագ, մահացի՛ր երիտասարդ»:





















