Եվգենի Եվտուշենկոյի վերջին վեպը կարող է հրատարակվել 2017 թվականին

14:09 • 05.04.17

Ռուս բանաստեղծ և սցենարիստ Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» («Берингов тоннель») վերջին վեպը կարող է հրատարակվել 2017 թվականին: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով բանաստեղծի այրի Մարիա Նովիկովային:

«Սա ավանդական վեպ չէ: Նորավեպեր են, նրա հիշողությունները ռազմական մանկության, դեպի ԱՄՆ կատարած ուղևորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին»,- պատմել է Նովիկովան:

Նրա խոսքով` գրքի գլխավոր կերպարը բանաստեղծը չէ, չնայած վեպի հիմքում ընկած է Եվտուշենկոյի սեփական փորձը:

Հայտնի է, որ Եվտուշենկոն այդ գրքի վրա աշխատել է իր կյանքի վերջին տարիների ընթացքում: Գրողի այրու խոսքով` նա ամենասկզբից կազմել է վեպի պլանը, որի համաձայն՝ գրել և թելադրել է գլուխները:

«Բոլոր գլուխները գործնականում ավարտված են: Վեպում միասնական սյուժետային գիծ չկա. գլուխներն իրենցից ներկայացնում են հիշողությունների խճանկար, և ավարտը կարող է լինել ցանկացած տեղ», - հայտնել է Նովիկովան:

Նա ընդգծել է, որ գիրքը ավարտին չի հասցվի, այլ ընդամենը թեթևակիորեն կխմբագրվի. այնպես, ինչպես և ծրագրել էր Եվտուշենկոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս բանաստեղծ և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոն:

Եվգենի Եվտուշենկոյի վերջին վեպը կարող է հրատարակվել 2017 թվականին