Օտտավայում կբացվի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարծի կիսանդրին
Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Օտտավայում շուտով կբացվի կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, Կանադայի պետականության հիմնադրման 150 ամյակի և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ հատուկ համաձայնագիր է ստորագրվել մայրաքաղաքում լուսանկարչի կիսանդրին տեղադրելու մասին: Ինչպես նշվում է, այն կլինի երախտապարտ հայ համայնքի նվերը կանադացիներին:
Յուսուֆ Քարշը (1908-2002) ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում և մահացել Բոստոնում: Time հանդեսի կողմից նա ճանաչվել է որպես 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկը։
Նա ժամանակին լուսանկարել է այնպիսի հայտնի անձանց, ինչպիսիք են Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, Ալեն Դելոնը, Էռնեստ Հեմինգուեյը, Բեռնարդ Շոուն և այլք:













