Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հետևում է Լապշինի գործով իրադարձություններին. իսրայելցի դեսպան

13:36 • 06.04.17

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հաճախ են այցելում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, քանի որ բլոգերն Իսրայելի քաղաքացի է։ Այդ մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:


«Մենք ուշադիր հետևում ենք Լապշինի գործով իրադարձություններին»,- ասել է դեսպանը:


Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:


Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։