Մեծ Բրիտանիայում Շայա Լաբաֆի մասնակցությամբ ֆիլմի վաճառված տոմսերի թիվը հասել է 3-ի

16:13 • 06.04.17

Մեծ Բրիտանիայում դերասան Շայա Լաբաֆի մասնակցությամբ «Պատերազմ» ֆիլմի վաճառված տոմսերի քանակը հասել է երեքի: Այսպիսով՝ ֆիլմի հասույթն աճել է 200 տոկոսով: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: 

Նշվում է, որ ներկա պահի դրությամբ ֆիլմի հասույթը կազմում է 21 ֆունտ ստերլինգ:

«Ընդհանուր առմամբ, վաճառել ենք երեք տոմս», - հայտնել է կինոթատրոնի մենեջերը` նշելով, որ ինքը երբեք նման բան չէր տեսել:


Հայտնի է, որ «Պատերազմ» անկախ ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, անցած հանգստյան օրերին կայացել է ֆիլմի սահմանափակ ցուցադրությունը Մեծ Բրիտանիայի Բերնլի քաղաքի կինոթատրոններից մեկում, որտեղ վաճառվել է ընդամենը մեկ տոմս: Այսպիսով՝ ֆիլմի հասույթը կազմել էր 7 ֆունտ:


Ռեժիսոր Դիտո Մոնտիելի «Պատերազմ» ֆիլմը պատմում է վետերանի մասին, որը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից և վերադառնում է Աֆղանստանից: 


Ֆիլմում, Շայա Լաբաֆից բացի, նկարահանվել են Ջեյ Քորթնին, Գարի Օլդմանը, Քեյթ Մարան և այլք:

Մեծ Բրիտանիայում Շայա Լաբաֆի մասնակցությամբ ֆիլմի վաճառված տոմսերի թիվը հասել է 3-ի