Ավստրալիայի մանկապարտեզներում ու դպրոցներում կարող են արգելվել հեքիաթները՝ գենդերային կարծրատիպեր չստեղծելու համար
Մանուկների կողմից սիրված հեքիաթները՝ «Սպիտակաձյունիկը», «Մոխրոտը», «Գեղեցկուհին և հրեշը» և նմանօրինակ այլ պատմվածքներ, կարող են արգելվել Ավստրալիայի մանկապարտեզներում ու դպրոցներում, քանի որ դրանք, ըստ իշխանությունների, գենդերային կարծրատիպեր են ստեղծում երեխաների մոտ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կառավարության ներկայացրած նոր կրթական ծրագրում ասվում է, որ կրթական հաստատություններում պետք է շրջանառությունից հանվեն այն գրքերն ու խաղալիքները, որոնք աղջիկ և տղա երեխաների մոտ կարող են գենդերային կարծրատիպեր ձևավորել:
Ծրագրի հեղինակների կարծիքով՝ հեքիաթների պատճառով աղջիկների մոտ իջնում է ինքնագնահատականը, իսկ տղաներն էլ սկսում են իրենց իրավունքներն առավել բարձր դասել աղջիկների իրավունքներից:
Նոր ծրագրի շրջանակում երեխաներին կառաջարկվի վերանայել հեքիաթների հերոսներին ու պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե գլխավոր հերոսները տեղերով փոխվեին, օրինակ՝ եթե աղջիկը ձեռքն առներ սուրն ու փրկեր տղային:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է բացատրել երեխաներին, որ տղամարդիկ պարտավոր չեն միշտ ուժեղ և քաջարի լինել, իսկ կանայք էլ՝ միայն գեղեցիկ ու տղամարդու կողմից փրկվելու պատրաստ:










