Սքարլեթ Յոհանսոնն Իվանկա Թրամփին վախկոտ է անվանել
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը վախկոտ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին, իսկ նրա արարքները` հնաոճ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Huffington Post տեղեկատվական կայքի հիմնադիր, լրագրող Արիանա Հաֆինգթոնին տված հարցազրույցում` Նյու Յորքում անցկացված Women in the World («Կանայք աշխարհում») համաժողովի ժամանակ:
Հարցազրույցի սկզբում հայտարարվել է, որ 32-ամյա Յոհանսոնը կպատասխանի իր աշխատանքի, քաղաքացիական ակտիվության և մայրության վերաբերյալ հարցերի: Սակայն լրագրողը միանգամից Իվանկա Թրամփի հետ կապված հարց է տվել:
Յոհանսոնը հայտնել է, որ իրեն ցնցել է Իվանկայի` վերջերս տված հարցազրույցը, որում նա խոստովանել է իր հորը քննադատելու մասին, սակայն «ոչ հրապարակայնորեն»։
«Այն գաղափարը, որ յուրաքանչյուր հզոր մարդու հետևում կանգնած է հզոր կին, հնաոճ է: Սա ընդհանրապես չի ոգեշնչում: Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ դա իրոք վախկոտ քայլ էր (հորը հրապարակայնորեն չքննադատելը)», - ասել է Յոհանսոնը:
Դերասանուհին չի պարզաբանել` որ հարցում Իվանկան պետք է դադարի աջակցել իր հորը:
Յոհանսոնը հիշեցրել է, որ ինքն Իվանկային գիտի մանկուց, քանի որ իրենք մեծացել են Նյու Յորքում` մոտավորապես նույն միջավայրում: Դերասանուհին ենթադրել է, որ 35-ամյա Իվանկան այժմ դժվարություններ ունի:
«Նա տեղի ունեցածի վրա ազդեցություն գործելու ուժ ունի` ուղղակի ասելով, թե ինչ է ինքը մտածում: Նա շատ լավ է խոսում և խելացի է: Սա շփոթեցնում է ինձ», - նշել է նա:
Սքարլեթ Յոհանսոնը հայտնի է որպես Դոնալդ Թրամփի հակառակորդ: Հունվարին ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո նա Մադոննայի և Շերի հետ մասնակցել է Թրամփի դեմ կանանց բողոքի ցույցին:










