Ստոկհոլմում բեռնատարի` ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով կան զոհեր. Շվեդիայի Ռադիո (լուսանկարներ, տեսանյութ, թարմացված)

17:41 • 07.04.17

17.53 Շվեդիայի ոստիկանությունն արգելափակել է միջադեպի վայրը. այնտեղ գտնվում է մոտ 10 ոստիկանական ավտոմեքենա և շտապօգնության առնվազն 5 ավտոմեքենա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես հնարավոր ահաբեկչական ակտ:


Չհաստատված տվյալների համաձայն` իրավապահ մարմինները հաղորդագրություններ են ստացել տարածքում լսված կրակոցների մասին:


«Ես տեսել եմ առնվազն երեք մահացած մարդու, սակայն հնարավոր է` նրանք ավելի շատ են: Այստեղ լիակատար քաոս է տիրում», - դեպքի վայրից հայտնել է Շվեդական Ռադիոյի թղթակիցն ուղիղ եթերում:

 

17.41 Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի` ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Շվեդիայի Ռադիոյին:

Ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Ավտոմեքենան կանգ է առել այն բանից հետո, երբ մխրճվել է խանութներից մեկի ցուցափեղկի մեջ:

Դեռևս չի հաղորդվում` ով է եղել բեռնատարի ղեկին:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարներն ու բուժաշխատողները: Մարդիկ տարհանվում են քաղաքի կենտրոնից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: