Տեղի կունենա ապրիլյան պատերազմին նվիրված համերգ, որի հասույթը կտրամադրվի պատերազմի զոհերի ընտանիքներին
Ապրիլի 10-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ համատեղ և Մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել է «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և Հայաստանի, Երևանի ու «Հովեր» պետական կամերային երգչախմբերի կատարմամբ կհնչեն մաեստրո Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև մենակատարներ Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը և Վահե Հախվերդյանը:
Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ չափազանց կարևոր են հայրենասիրական խոսքը և համերգները:
«Իմ կյանքում այս տեսակի համերգ չեմ ունեցել, սա բոլորովին այլ խորհուրդ ունի իր մեջ: Կա բազային մի երևույթ, որը կոչվում է հողասիրություն, երկրասիրություն, այն խնդիրների հետ լինելու պատրաստակամություն, որ այսօր մեզ բերեց, կանգնեցրեց մեր զոհված հերոսների անունը վերհիշելուն և նրանց մեր հարգանքի տուրքը մատուցելուն»,- ասաց Ամիրխանյանը:
Նա հայտնեց, որ ծրագրում կհնչեն նաև նոր երգեր, ինչպես նաև երգեր, որոնք նվիրված է հենց ապրիլյան պատերազմին: «Ցավում եմ միայն, որ սա միայն մեկ անգամ պետք է հնչի: Չնայած, մենք պայմանավորվածություն ունենք Արցախ աշխարհի հետ, և մտածում եմ, որ գարունը բացվելուց հետո կփորձենք անել նաև բացօթյա հրապարակում»,- տեղեկացրեց Ամիրխանյանը:
ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ ասաց, որ շատ ուրախ է այս նախագծին մաս կազմելու համար: «Մեզ միացած երգչախմբերի հետ այսօր առաջին փորձն ենք միասին անում, բոլորը լավ պատրաստ են և ոգեշնչված: Հուսամ, որ մեր հերոսներին և մեր երկրին արժանի համերգ կմատուցենք»,– ասաց նա:
Նշենք, որ բարեգործական համերգից ստացված գումարը բաժանվելու է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին:











