Ամերիկացի դերասանուհին կոչ է արել ներկա գտնվել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

20:25 • 08.04.17

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմին ավելի ու ավելի շատ մշակույթի գործիչներ և հայտնի անձինք են անդրադառնում սոցցանցերում:

Այս անգամ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը դիտելու կոչով հանդես է եկել ամերիկացի դերասանուհի Մելինա Կանակարեդեսը, որը հայտնի է հեռուստասերիալներում մարմնավորած դերերով:

Դերասանուհին տեսանյութ է տեղադրել Twitter-ում` ասելով, որ ինքը  հույն ներգաղթյալի հպարտ թոռնուհի է և խոստում է տվել` երբեք չմոռանալ:

Հիշեցնենք, որ Քրիստիան Բելի, Օսկար Այզեքի և Շառլոտ Լը Բոնի գլխավոր դերակատարմամբ ժապավենի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունենալու ապրիլի 21-ին:

Նախօրեին ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, ով ֆիլմում հնչող համանուն երգի հեղինակն է, հայտնել էր, որ Ջորջ Քլունիի հետ միասին ներկա է գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, իսկ օրեր առաջ ֆիլմը ցուցադրվելէ նաև Վատիկանում:

«Խոստումը» ֆիլմին սոցցանցերում անդրադարձել են նաև Էլթոն Ջոնը, Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Սերժ Թանկյանը, Սիլվեստեր Ստալոնեն, Դին Քեյնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Էրիկ Պողոսյանը:

 

Ամերիկացի դերասանուհին կոչ է արել ներկա գտնվել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային