Հայկական և վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգում

10:13 • 10.04.17

11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգում, հայտնում է South China Morning Post-ը:


Առաջին անգամ Հոնկոնգում կբացվի ցուցահանդես, որում ընդգրկված են արևելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի, որոնք մանրակրկիտ պատկերում են Ավետարանը:


«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը կբացվի Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում:


«Հայկական պատկերազարդված ձեռագրերը Մերձավոր Արևելքում քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են»,- ասել է Հոնկոնգի համալսարանի համալսարանական թանգարանի և պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն: «Դրանց մեջ առաջնային նշանակություն ունեն Ավետարանները՝ նախևառաջ սուրբ տեքստերի նկատմամբ հայկական համայնքի հատուկ հարգանքի պատճառով: Հայերը դրանք պաշտում են նույնկերպ, ինչպես հույն և ռուս քրիստոնյաները ՝ սրբապատկերները»,- ասել է նա:


Կայքը նշում է, որ այդ ձեռագրերը հայ իշխանավորները տանում էին իրենց հետ պատերազմների: Այդ ժամանակ անգամ հավատ կար, որ դրանք հրաշագործ ուժ ունեն:


Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 11-ը:

Հայկական և վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգում