Այսօր Սթիվեն Սիգալը դառնում է 65 տարեկան. ուշագրավ փաստեր 1990-ականների մարտաֆիլմերի հերոսի մասին (լուսանկարներ)
Ապրիլի 10-ին 1990-ականների մարտաֆիլմերի հերոս Սթիվեն Սիգալը նշում է ծննդյան 65-ամյակը:
bigpicture.ru-ն որոշել է այդ առիթով ներկայացնել հայտնի դերասանի մասին ամենաուշագրավ փաստերը:
Սիգալի էթնիկ ծագումը մինչ օրս մնում է անհայտ շատերի համար: Վարկածներից մեկի համաձայն՝ նրա հայրը հրեա էր, իսկ մայրն՝ իռլանդուհի: Ինչպես ասում է հենց ինքը՝ Սթիվենը, նրա հորական պապը մոնղոլ է եղել: Նախկինում պապն ապրել է Ռուսաստանի բուդդիստական թաղամասերից մեկում, իսկ 20-րդ դարի սկզբին ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, երբ դեռ երեխա է եղել:
Սիգալը հիշում է, որ մանկության տարիներին նրան հաճախ են պատմել իր պապիկի մասին, սակայն հստակ ճշտելը՝ նա մոնղոլ է եղել, բուրյաթ, թե կալմիկ, անհնար է, քանի որ այդ տեղեկություններին տիրապետողներն արդեն ողջ չեն:
Ընտանեկան լուսանկարներում նրա պապիկի աչքերը նեղլիկ են, իսկ գլխին մոնղոլական գլխարկներ են:
Դե իսկ Սթիվենի մոր՝ իռլանդուհի լինելու մասին տեղեկությունը նույնպես ենթադրություն է: Դերասանը պատմել է, որ նրա մոր իրական ծնողների ով լինելն անհայտ է մնում, քանի որ նրանք լքել են աղջկան փոքր հասակում՝ օտար մարդկանց տան շեմին:
Սթիվենը պնդում է, որ նրա տատիկը ծնունդով Վլադիվոստոկից է, նա նաև ունի ազգականներ Սանկտ Պետերբուրգում և Ուկրաինայում:
Սիգալը նաև ազատ խոսում է ճապոներեն, ինչն այդքան էլ զարմանալի չէ, քանի որ նա Ճապոնիայում անցկացրել է շուրջ 10 տարի: Ավելին՝ այկիդոյի 7-րդ դան ստացած Սիգալն այստեղ դարձել է առաջին օտարերկրացին, որը մարտարվեստի իր դպրոցն է բացել:
Բացի այդ, դերասանն ամուսնացած է եղել Միյակո Ֆուջիտանի անունով ճապոնուհու հետ: Նրանք ունեն մեկ որդի և աղջիկ. Կենտարո Սիգալն ու Աակո Ֆուջիտանին: 

Ընդհանուր առմամբ, Սթիվենն ամուսնացած է եղել 4 անգամ, նա ունի 7 երեխա: Ներկայում դերասանն ամուսնացած է պրոֆեսիոնալ պարուհի Բաթսուխիյն Էրդենետույաայի հետ, որը ծնունդով Մոնղոլիայից է: 2009թ.-ին ծնվել է նրանց որդին՝ Կունզանը:

Սիգալն իր կարիերայի ընթացքում պարբերաբար շեղվել է պրոֆեսիոնալ կինոյից՝ բեմում կիթառ նվագելու համար: Նա համարում է, որ կինոն հոբբի է, իսկ երաժշտությունը՝ հիմնական զբաղմունք:
«Ֆիլմի նկարահանումները զբաղեցնում են իմ ամբողջ ժամանակը, սակայն երաժշտությունն իմ առաջին սերն է», - ասել է նա:
2005թ.-ին Սիգալը թողարկել է իր առաջին՝ Songs from the Crystal Cave ալբոմը:
Մեկ տարի անց թողարկվել է երկրորդը՝ Mojo Priest-ը, որը համարվել է բլյուզային լավագույն ալբոմներից մեկը:
«Երբեք մի ասա «երբեք»» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջեյմս Բոնդի դերակատար Շոն Քոներին ցանկացել էր այկիդոյի մի քանի դաս անցնել: Այդ ժամանակ նրա մարզիչը դարձավ Սթիվեն Սիգալը: Ինչ-որ մի պահի հարվածի ուժգնությունը ճիշտ չհաշվարկելու հետևանքով Սթիվենը հաջողացրել է կոտրել իր աշակերտի դաստակը: Քոներին, իր հերթին, կարծել է, թե դա թեթևակի վնասվածք է և մի քանի օր մնացել ջարդված դաստակով՝ մինչև ռեժիսորն ուժով նրան տարել է բժշկի:










