Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» Ֆրանսիայի պատմության ամենաթանկ ֆիլմ է ճանաչվել

16:20 • 11.04.17

Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» Ֆրանսիայի պատմության ամենաթանկ ֆիլմ է ճանաչվել: Ֆիլմի բյուջեն գնահատվում է 197,47 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Cineuropa-ն:

Նշվում է, որ մինչ այդ, Ֆրանսիայի պատմության ամենաթանկ ֆիլմի ռեկորդը պատկանել է ռեժիսորներ Ֆրեդերիկ Ֆորեստիեի և Տոմա Լանգմանի «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» ֆիլմին, որի բյուջեն կազմել է 78 միլիոն եվրո:

Ֆիլմի սյուժեի համաձայն` ժամանակի մեջ ճամփորդող հատուկ գործակալ Վալերիանը և նրա գործընկերուհի Լորելինն ուղարկվում են տիեզերական կայսրություն` այն ուսումնասիրելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ` Բեսոնի ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Դեյն ԴեՀաանը և Կարա Դելևինը: Նրանցից բացի՝ ֆիլմում նկարահանվել են Ռիհանան, Ջոն Գուդմանը, Իթան Հոուկը, Կլայվ Օուենը և Ռուտգեր Հաուերը:

Հայտնի է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայում: