Երդվել եմ պահել խոստումն ու պայքարել ցեղասպանությունների դեմ. ամերիկացի դերասան Դոն Չիդլն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմին

18:52 • 11.04.17

Համացանցում Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին պրեմիերային ընդառաջ աջակցողներին միացել է ամերիկացի դերասան Դոն Չիդլը (Դոնալդ Ֆրենկ «Դոն» Չիդլ-կրտսեր):

«Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր ու «Օսկարի» հավակնորդ դերասանը տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում` ասելով. «Ողջույն, ես Դոն Չիդլն եմ: Ես անձամբ եմ տեսել ցեղասպանության հետևանքները Հարավային Դարֆուրում, և ես երդվել եմ պահել խոստումը, բարձրացնել իրազեկությունն ու պայքարել ցեղասպանության դեմ ողջ աշխարհում»:

Դոն Չիդլը խաղացել է «Օուշենի տասնմեկ ընկերները», «Երկաթե մարդը 2», «Երկաթե մարդը 3», «Վրիժառուները», «Ալտրոնի դարաշրջանը», «Օուշենի տասներեք ընկերները» և այլ ֆիլմերում։

Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը` Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի և Քրիստիան Բեյլի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կցուցադրվի ապրիլի 21-ին:

Սոցցանցերում ֆիլմը դիտելու կոչով հանդես են եկել նաև Անդրե Աղասին, Սերժ Թանկյանը, Բարբարա Սթեյզանդը, Քրիս Քորնելը, Էրիկ Պողոսյանը, Սիլվեստր Ստալոնեն, Լեոնարդո ԴիԿապրիոն, Էլթոն Ջոնը, Շերը և այլ հայտնիներ: 

Ֆիլմը ցուցադրվել է նաև Վատիկանում, իսկ ժապավենի լոնդոնյան պրեմիերային ներկա են գտնվել Ջորջ Քլունին և «Խոստումը» երգի հեղինակ Քրիս Քորնելը:

 

 

Երդվել եմ պահել խոստումն ու պայքարել ցեղասպանությունների դեմ. ամերիկացի դերասան Դոն Չիդլն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմին