Մայքլ Բուբլեի և Լուիսիանա Լոպիլատոյի որդին բուժվել է քաղցկեղից (լուսանկարներ)
Արգենտինացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել Լուիսիանա Լոպիլատոն հայտնել է իր 3-ամյա որդու քաղցկեղից բուժման մասին:
The Daily Mail-ը գրում է, որ անցած նոյեմբերին Լոպիլատոյի և կանադացի երգիչ Մայքլ Բուբլեի որդու մոտ լյարդի քաղցկեղ էր ախտորոշվել: Դրանից հետո երեխան քիմիաթերապիայի կուրս է անցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում և չորս ամիս անց ապաքինվել է:
Նշվում է, որ բուժման ավարտից հետո «աստղային» ընտանիքը վերադարձել է Լոպիլատոյի հայրենի Արգենտինա, որտեղ նա շարունակել է իր աշխատանքը՝ մասնակցելով ֆիլմի նկարահանումների:
Աղբյուրի հաղորդմամբ` հայրենիք վերադառնալուց հետո դերասանուհին մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատմել է իր 3-ամյա որդի Նոայի հիվանդության, բուժման և ապաքինման հետ կապված զգացողությունների մասին:
«Փառք Աստծո, որդիս արդեն լավ է: Երբ այսպիսի բաներ են տեղի ունենում, կյանքի հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Այժմ ես շատ ավելի բարձր եմ գնահատում կյանքը, «հիմա»-ն ու «այսօր»-ը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են մեզ և աղոթել մեզ համար: Իմացեք, որ ձեր աղոթքները հասել են մեզ և օգնել անցնել այս ամենի միջով և հաղթահարել իրավիճակը», - ասել է Լոպիլատոն` նաև շնորհակալություն հայտնելով երեխայի բուժումն իրականացրած բժիշկներին:
Դերասանուհին հավելել է, որ իր համար ծանր է խոսել այն մասին՝ արդյոք որդին պետք է շարունակի ստուգումները:
«Ինձ համար բարդ է խոսել դրա մասին. ամեն ինչ նոր է տեղի ունեցել, և ես դեռևս զգայուն եմ այդ հարցում: Սակայն ամեն օր ստանում եմ մարդկանց սերը, երբ նրանք ինձ կանգնեցնում են փողոցում: Հիանալի է իմանալ, որ կյանքում աջակցություն ունես և որ մարդիկ սիրում են քեզ», - ասել է Լոպիլատոն:
















