«Խոստումը» պետք է ոչ միայն զվարճացնի, այլև ուսուցանի. ռեժիսոր Թերի Ջորջը` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի մասին
Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասուլիս է տվել ամերիկացի լրագրողների համար` ներկայացնելով ֆիլմի կարևորությունն ու նշանակությունը պատմության դրվագների մասին խոսելու մասին:
«Հայոց ցեղասպանությունը վայրագություն է, որը Թուրքիան հերքում է 100 տարի շարունակ: Անցյալ դարում երկու տարբեր նախագիծ էր նախատեսվում իրականացնել` արտացոլելու Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, սակայն դրանք չիրականացան: Պայքարելով այդ ամենի դեմ` Քըրք Քրքորյանի հիմնած հիմնադրամի ջանքերով ստեղծվեց «Խոստումը»»,- օսկարակիր ռեժիսորի խոսքը մեջբերում է Horizon Weekly-ն:
«Մենք փորձել ենք թռչել ռադարից այն կողմ այնպես, որ ստիպված չլինենք հանդիպել արտաքին ճնշմանը: Այսպիսով, մենք նկարահանումներ իրականացրինք Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում», - ասել է ռեժիսորը` շեշտելով, որ «Խոստումը» ֆիլմով ինքը մտադիր է ոչ միայն զվարճացնել, այլև ուսուցանել հանդիսատեսին:
Թերի Ջորջը լրագրողներին ներկայացրել է նաև ֆիլմի հերոսների պատմությունը, ինչպես նաև ֆիլմում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի կերպարի առկայության կարևորությունը։
Հիշեցնենք, որ Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ Լը Բոնի գլխավոր դերակատամամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին:










