Եթե Ստամբուլի ոստիկանությունն աներ իր հասանելիքը՝ սպանությունը միանշանակ կկանխվեր. Դինքի սպանության գործով մեղադրյալ
Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում երեկ շարունակվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը:
Նշենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, նախօրեին կայացած նիստի ընթացքում ավարտվել է մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ֆուաթ Յըլմազերի հարցաքննությունը:
Յըլմազերը, պատասխանելով Դինքի ընտանիքի փաստաբանների հարցերին, նշել է, որ ըստ իրեն՝ Դինքի սպանության նախապատրաստման փուլում հետախուզական գործընթացի խափանումը տեղի է ունեցել հենց Ստամբուլի ոստիկանությունում, որն էլ մեղավոր է կատարվածի համար:
«Եթե Ստամբուլի ոստիկանությունն աներ իր հասանելիքը՝ սպանությունը միանշանակ կկանխվեր», - ասել է Յըլմազերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ընթացքում Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:










