«Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

15:02 • 12.04.17

«Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը, որն ապրիլի 10-ին հրապարակվել է համացանցում, առաջին օրը հավաքել է 136 միլիոն դիտում, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել Marvel և Disney ընկերությունների համար: 

Հայտնի է, որ նախորդ ռեկորդը սահմանել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը, որի թրեյլերը հրապարակման օրն ունեցել է 127,6 միլիոն դիտում։ Ամենադիտված թրեյլերների ցուցակի երրորդ տեղում հայտնվել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի թրեյլերը` հավաքելով 112 միլիոն դիտում:

Korrespondent-ի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի հոկտեմբերի 25-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ռեժիսոր Տայկա Վայտիտիի «Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմում Թորի դերը կրկին խաղում է Քրիս Հեմսվորթը, իսկ Լոկիի դերը` Թոմ Հիդլսթոնը: Ֆիլմում նաև նկարահանվել են Քեյթ Բլանշետը, Իդրիս Էլբան, Ջեֆ Գոլդբլյումը, Մարկ Ռուֆալոն և Բենեդիկտ Քամբերբեթչը:

Ֆիլմի սյուժեի համաձայն` Թորը վերադառնում է Ասգարդ և իմանում, որ իր եղբոր` Լոկիի գործողությունների պատճառով մոտենում է ամենաահավոր իրադարձությունը` Ռագնարյոկը: Այսպիսով՝ գլխավոր հերոսը ստիպված է օգնություն խնդրել «Վրիժառուները» ֆիլմում իր «գործընկեր» Հալքից:

 

 

«Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել (տեսանյութ)