Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում հաղթած Բեկչյանը պատմել է, որ Աթեշյանը փորձել է խաբեությամբ փաստաթուղթ ստորագրել տալ իրեն

11:41 • 13.04.17

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հայտարարել է, որ պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանը փորձել է խաբեությամբ իր կողմից կազմված արձանագրություն ստորագրել տալ իրեն, որով արհամարհել է եկեղեցական կարգն ու հոգևոր խորհրդի ընտրությունը:

Ինչպես հայտնում է «Ակօսը»՝ Աթեշյանը Բեկչյանին հրավիրել է աղոթելու կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջության համար, սակայն իրականում նպատակ է ունեցել իր կողմից կազմված արձանագրության համար ստորագրություն կորզել: 

Նշված արձանագրությունը, որում Աթեշյանը փորձել է համաձայնություն կորզել պատրիարքի տեղապահի պաշտոնում մնալու համար՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունների մեկնարկը, Բեկչյանը չի ստորագրել:

Ավելի վաղ Աթեշյանը խնդրել էր պատրիարքի տեղապահի ընտրություններում իրեն հաղթած արքեպիսկոպոս Բեկչյանին սպասել մինչև Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտը, որից հետո խոստացել էր հրաժարական տալ և պատրիարքի տեղապահի լիազորությունները փոխանցել Բեկչյանին: Նա նաև առաջարկել էր դրանից հետո նրան շնորհել լուսարարապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: