ՌԴ Առաջին ալիքը հրաժարվում է «Եվրատեսիլ-2017»-ը հեռարձակելուց

21:07 • 13.04.17

Ռուսաստանի Առաջին ալիքը հայտարարել է Կիևում անցկացվելիք  «Եվրատեսիլ-2017» երգի համաեվրոպական մրցույթի հեռարձակումից հրաժարվելու մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում:

Ինչպես նշվում է, այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինան արգելել է ՌԴ ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր:

«Առաջին ալիքը նամակ է ստացել Եվրոպական հեռարձակողների միությունից, որը տեղեկացնում է, որ ԵՀՄ-ն չի կարողացել կարգավորել մրցույթում Սամոյլովայի մասնակցության հարցը», - ասվում է ՌԴ Առաջին ալիքի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը մարտի 22-ին արգելել էր ռուս երգչուհու մուտքը երկիր` պատճառաբանելով, որ նա Ղրիմում համերգ տալու մեկնել է անմիջապես Մոսկվայից` առանց Ուկրաինա այցելելու:

Եվրատեսիլ-2017-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի ժամանակ` 16-րդ համարի ներքո:

 

 

ՌԴ Առաջին ալիքը հրաժարվում է «Եվրատեսիլ-2017»-ը հեռարձակելուց