Հայոց ցեղասպանության մասին գրքի թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքը կոչ է արել թուրքերին «Ոչ» ասել Էրդողանի ռեժիմին
Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը կոչ է արել թուրք ժողովրդին հանրաքվեի ժամանակ «Ոչ» ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը և թույլ չտալ նրա բռնակալության ամրապնդումը, այս մասին գրում է թուրքական haber10.com կայքը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
Շաֆաքը, խոսելով Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին, նշել է, որ դեմ է քվեարկելու երկրի համար վտանգ պարունակող փոփոխություններին և մասնավորապես կառավարման նախագահական համակարգի հաստատման առաջարկին:
Շաֆաքը նշել է, որ Թուրքիան շարժվում է դեպի ավտորիտարիզմ, և այս հանրաքվեն կարող է վճռորոշ լինել իր հայրենիքի ապագայի համար:
Նշենք, որ 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվել են։
Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ապրում է Լոնդոնում:










