Ջորջ Լուկասը բացահայտել է «Աստղային պատերազմների» հիմնական գաղափարը
Ամերիկացի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ»-ի ստեղծող Ջորջ Լուկասը բացահայտել է իր ֆանտաստիկ կինոսագայի հիմնական գաղափարն ու նպատակը: Ռեժիսորի խոսքով` ինքը երեխաների համար կարևոր բարոյական ուղերձներ է ներդրել մարտաֆիլմում: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
«Չպետք է ասեմ դա, բայց այս ֆիլմերը նախատեսված են 12 տարեկան երեխաների համար: «Աստղային պատերազմների» նպատակն ընկերության, ազնվության և վստահության մասին երեխաներին պատմելն ու «մութ կողմից հնարավորինս հեռու մնալ» սովորեցնելն է»,- ասել է ռեժիսորը:
Հայտնի է, որ դեկտեմբերին կկայանա սագայի ութերորդ մասի` «Վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան: 2018 թվականի մայիսին էկրաններ դուրս կգա շարքի գլխավոր կերպարներից մեկին` Հան Սոլոյին նվիրված սփին-օֆը: Նախագիծը դեռևս չի ստացել պաշտոնական անվանում: «Աստղային պատերազմների» իններորդ մասը (նույնպես անանուն) էկրաններին կհայտնվի 2019 թվականի մայիսին:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսներ են դառնում այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում։










