Ինչու է պետք դիտել «Խոստում»-ը. The Huffington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին ֆիլմին
Ամերիկյան The Huffington Post պարբերականը կրկին անդրադարձել է հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին:
Անդրադարձի հեղինակը Յասամին Բեյթոլլահին է, որի բնորոշմամբ՝ նկարահանող թիմին հաջողվել է Ցեղասպանության ծանր թեման շոշափելուն զուգահեռ ստեղծել դինամիկ ու սիրային եռանկյունու զգայական մասերը բացահայտող ֆիլմ:
Հեղինակը նկատում է, որ Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայի զանգվածային բնաջնջման մասին անկեղծորեն պատմող ֆիլմը համարվում է երբևէ նկարահանված ամենաթանկ անկախ կինոնկարներից մեկը, որի բյուջեն կազմել է մոտ 100 մլն դոլար:
«Շատ հայերի համար Ցեղասպանության 102-ամյա ժխտման արշավը չափազանց ծանր բեռ է, քանի որ այդ բարբարոսություններից ժամանակին տուժել են իրենց նախնիները»,-նշում է հեղինակը:
Այնուհետև նա մեջբերում է ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Էրիկ Եսրայլյանի խոսքը, համաձայն որի՝ հայերը միշտ էլ ցանկացել են ունենալ բարձր մակարդակի մի ֆիլմ, որն աշխարհի համար պատուհան կբացեր դեպի հայ ժողովրդի պատմությունը:
«Ֆիլմը հիշեցնում է և ևս մեկ անգամ պատմում այն դժբախտ իրականության մասին, որ մարդու անմարդկային վերաբերմունքն այլ մարդու նկատմամբ հանգեցրեց մեր ժամանակների ամենաողբերգական իրողություններից մեկին: Հիմա հուսահատ մնալու փոխարեն մենք կարող ենք գործի անցնել, նայել այժմյան աշխարհին ու փորձել հասկանալ, թե ինչպես ենք կարող օգնել մարդկանց:
Թեպետ աշխարհում կան «Խոստում»-ից առավել կարևոր ու ազդեցիկ ֆիլմեր, բայց այն արժե դիտել անթերի սցենարի, հրաշալի դերասանական խաղի և այն փայլուն մեսիջի համար, ըստ որի՝ սերը կարող է շատ բան փոխել նույնիսկ զարհուրելի բարբարոսությունների ժամանակահատվածում: Բացի այդ, ֆիլմը կարող է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց դրդել բարձրաձայնել ցեղասպանության մասին ու համատեղ ջանքեր գործադրել այդ երևույթին վերջ տալու համար»,-եզրափակել է հեղինակը:
Կարող եք կարդալ նաև՝










