Փոփ մշակույթի և Վան Գոգի ոճի համադրությունը` ամերիկացի նկարչուհու աշխատանքներում (լուսանկարներ)
Ամերիկացի նկարչուհի Այա Կուսիկը կտավների հրաշալի շարք է հեղինակել, որը միավորում է փոփ մշակույթը հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի ոճի հետ` ստեղծելով անկրկնելի պատկերներ:
Bored Panda-ն գրում է, որ այս շարքը ստեղծելու գործում Կուսիկին ոգեշնչել է պատահականությունը: Բանն այն է, որ կրթական բլոգերից մեկը հրապարակել է Այայի` Էյֆելյան աշտարակը պատկերող կտավը` սխալմամբ նշելով, որ դա Վան Գոգի աշխատանքն է:
Հայտնի է, որ Էյֆելյան աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտին են հասցվել 1889 թվականին, իսկ Վան Գոգը մահացել է 1890-ին` իր կյանքի վերջին տարիներն անցկացնելով Ֆրանսիայի հարավային շրջաններում, ահա թե ինչու քիչ հավանական է, որ նա տեսել է աշտարակը:
Նշվում է, որ Կուսիկը որոշել է զարգացնել սխալից ծագած այս գաղափարն ու զվարճալի սերիա հեղինակել` հարցնելով իրեն` էլ ի՞նչ կա, որ Վան Գոգը չի տեսել: Այսպես նա սկսել է աշխատել «Վան Գոգը երբեք» (Van Gogh Never) սերիայի վրա` ժամանակակից հերոսներին և տեսարանները ներկայացնելով մեծ նկարչի ոճով:




















