Գյումրիում 9-րդ անգամ կանցկացվի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը (տեսանյութ)
Մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրիում «Վերածնունդ» միջազգային 9–րդ մրցույթ–փառատոն կանցկացվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նա տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցի 3000 անհատ կատարող և համույթներ՝ 35 երկրներից։
«Ամեն տարի արվեստասեր այդ երիտասարդներն ու պատանիները, Հայաստան այցելելով, իրենց հետ տանում են Հայաստանից ու Գյումրիից մի կտոր՝ իրենց սրտում պահած։ Բազմաթիվ օրինակներ ունենք, որ այս երիտասարդները հետագայում դառնալով ճանաչված ու հայտնի երաժիշտներ, դառնում են Հայաստանի մշակութային դեսպանները»,– շարունակեց Ամիրյանը։
«Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն էլ հավելեց, որ մրցույթն անցկացվելու է 5 տարիքային խմբով և 19 անվանակարգերով՝դաշնամուր, լարային գործիքներ, կամերային անսամբլ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն և այլն։
«Փառատոնային օրերին ժյուրիի անդամները և անվանի երաժիշտները Գյումրիում, Երևանում և այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմի» խորագրով բարեգործական համերգներով, վարպետության դասերով: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը՝ նվիրված կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին»,– տեղեկացրեց Ավդալյանը։
Վերջինս շեշտեց, որ Գյումրիում նման փառատոն անցկացնելուց հետո երաժշտական դպրոց ընդունվողների թիվն ավելացել է, բարձրացել է նաև պարապմունքների որակը։ Նրա խոսքով՝ ուսանողների թիվը 250 է, որոնց մեջ կան նաև ուսանողներ Ջավախքից և Արցախից:
Իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էլ նկատեց, որ այս փառատոնի միջոցով հնարավորություն է ստեղծվում իրենց հետագա կադրերին ճանաչելու։
«Ամեն տարի փառատոնի մասնակիցներից շատերը դառնում են Կոնսերվատորիայի կադրերը։ Շնորհակալություն նաև այդ ուսուցիչներին, որոնք պատրաստում են այդ կադրերին, օրինակ՝ անցյալ տարի 2000–ից ավել մասնակից կար, որոնք այս պահին զբաղվում են դասական երաժշտությամբ։ Պարզ է, որ բոլորը չեն դառնա պրոֆեսորներ, սակայն քաղաքացու կրթման հետ կապված կարևորագույն գործ է արվում»,– ընդգծեց Շահինյանը։










