Հնդկաստանը կնկարահանի երկրի պատմության ամենաթանկ ֆիլմը
Հնդկաստանը որոշել է նկարահանել իր պատմության ամենաթանկ ֆիլմը՝ «Մահաբհարաթա» էպոսի էկրանավորումը։ Ֆիլմի բյուջեն գնահատվում է 155 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հայտնի է, որ հոլիվուդյան ստանդարտներով սա մեծ գումար չէ, սակայն Հնդկաստանում թանկ ֆիլմերի մաքսիմալ բյուջեն միջինում կազմում է 25 միլիոն դոլար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի ֆինանսավորմամբ կզբաղվի Միացյալ Արաբական Էմիրություններից գործարար Բավագուտու Ռագուրամ Շետին։ Նրա խոսքով՝ «Մահաբհարաթան» բոլոր էպոսների էպոսն է։
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերին։ Հեղինակների պլանների համաձայն՝ ֆիլմը կազմված կլինի երկու մասից։ Էկրանավորման պրեմիերան, ենթադրաբար, կկայանա 2020 թվականին։
Ֆիլմի դերասանական կազմի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ կնկարահանվեն հնդկական կինոյի լավագույն տաղանդներն ու Հոլիվուդի «խոշոր անունները»։










