Զմյուռնիայի հայերի մոռացված պատմությունը. Թուրքիայում Իզմիրի հայերի մասին նոր գիրք է հրատարակվել

13:35 • 19.04.17

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Զմյուռնիայի հայության մասին «Իզմիրի հայերը» գիրքը:

Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:

Ուսումնասիրության հեղինակ Զաքարյա Միլդանօղլուն նշում է, որ Զմյուռնիայի հայության մասին տեղեկությունները երկար ժամանակ մատնվել են անուշադրության, իսկ թեման գրեթե չի ուսումնասիրվել մինչ օրս:

Ըստ նրա` Էգեյան շրջանի հայության պատմության, մշակույթի ու ժառանգության մասին խոսելն այդքան էլ հեշտ չէ:

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ: 

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։