ChurchMilitant.com-ի անդրադարձը Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին

12:26 • 20.04.17

ChurchMilitant.com-ն անդրադարձել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին, որի պրեմիերան ԱՄՆ կինոթատրոններում կկայանա ապրիլի 21-ին:

Խոսելով ֆիլմից՝ աղբյուրը նշում է, որ այն նկարահանվել է 2015թ. կյանքից հեռացած ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Հայտնի է, որ միլիոնատերն ամբողջ կյանքում երազել է այս թեմայով ֆիլմ նկարահանել, սակայն հոլիվուդյան կինոընկերությունների կողմից վարվող համատարած ժխտողական քաղաքականության պատճառով դա նրան չէր հաջողվում: Իր կտակում Քրքորյանը 100 մլն դոլար է հատկացրել նախագծի իրականացման համար:


ChurchMilitant.com-ն ընդգծում է, որ, Ցեղասպանության մասին լինելով հանդերձ, ֆիլմը նախատեսված է ժամանակակից հանդիսատեսի համար ու այդքան շատ չի կենտրոնանում պատմական փաստի վրա, ինչպես, ասենք, 1919թ. հայերի կրած տառապանքներին ականատես եղածների վկայությունների հիման վրա նկարահանված «Ravished Armenia» ֆիլմը:

Այնուհետև աղբյուրը պատմում է Թուրքիայի կառավարության վարած ժխտողական քաղաքականության մասին՝ նկատելով, որ դա խոչընդոտ չի հանդիսացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու այն ճշմարիտ պատմական փաստ հռչակել:

 

ChurchMilitant.com-ի անդրադարձը Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին