Բիլ Մյուրեյը գրական ընթերցումներ է ձայնագրում կամերային երաժշտության ներքո
Ամերիկացի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյը զբաղվել է գրական ընթերցումներով, որոնք ուղեկցվում են կամերային երաժշտությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` դերասանին օգնում է հանրահայտ գերմանացի թավջութակահար Յան Ֆոգլերը: Մյուրեյը և Ֆոգլերը ծանոթացել են 2013 թվականին, երբ Բեռլինից թռչելիս են եղել Նյու Յորք: Նրանք ընկերացել և արդյունքում համատեղ նախագիծ են մտածել, որն ի սկզբանե կոչվել է Bill Murray, Jan Vogler & Friends (Բիլ Մյուրեյ, Յան Ֆոգլեր և ընկերներ):
Նշվում է, որ այժմ նախագիծը ստացել է New Worlds անվանումը, և գրական ընթերցումներից բացի այն ներառում է երգեր: Այսպես, օրինակ, նախագծի շրջանակում Մյուրեյը երգում է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ Սթիվեն Ֆոսթերի Jeanie With the Light Brown Hair երգը և Արթուր Լոուրենսի գրքի վրա հիմնված «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի երգերը, ինչպես նաև ընթերցում է Ուոլթ Ուիթմենի և Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունները Ֆրանց Շուբերտի, Յոհան Սեբաստիան Բախի և Աստոր Պիացոլլայի երաժշտության ներքո:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում New Worlds նախագծի պրեմիերան կկայանա հուլիսի 20-ին, այնուհետև տեղի կունենա շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Նախագծի ձայնագրությունը լույս կտեսնի օգոստոսին:












