Ֆիլիպ Կիրկորովը կոչ է արել բոյկոտել «Եվրատեսիլը»` մինչև մրցույթի կանոնների փոխվելը

13:24 • 21.04.17

ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին մասնակցությունից, մինչև մրցույթի կազմակերպիչները բարեփոխումներ չանցկացնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Դեռևս մինչ Յուլյա Սամոյլովայի հետ կապված իրավիճակը ես կողմ չէի նրան, որ Ռուսաստանը մասնակցի այդ մրցույթին», - ասել է Կիրկորովը:

Երգչի խոսքով` ինքն ամենաշատը չի ընդունում այն, որ քվեարկության ժամանակ գնահատականը հավասար է բաժանվում հանդիսատեսի և ժյուրիի միջև: Նրա կարծիքով` ձայների տոկոսային հարաբերությունը պետք է կազմի 70:30 կամ 80:20` հօգուտ հանդիսատեսի:

«Իմաստ չունի, որ մենք մասնակցենք մրցույթին, մինչև կազմակերպիչները փոփոխություններ չմտցնեն դրա մեջ, քանի որ մի շարք երկրներ կշարունակեն հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝ անկախ այն բանից` ով կլինի մասնակիցը», - ասել է երգիչը:

Հայտնի է, որ փետրվարին Կիրկորովն արդեն կոչ էր արել բոյկոտել «Եվրատեսիլը»: Երգչի խոսքով` ավելի վաղ ինքը եղել է այդ մրցույթի երկրպագուն, սակայն հետո փոխել է իր կարծիքը:


Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի հյուրընկալող Ուկրաինան 3 տարով արգելել է ռուս երգչուհու մուտքը երկիր: Արգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015 թվականին Մոսկվայից մեկնել է Ղրիմի թերակղզի: Ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում մուտքը Ղրիմ միայն Ուկրաինայի տարածքից:

Ֆիլիպ Կիրկորովը կոչ է արել բոյկոտել «Եվրատեսիլը»` մինչև մրցույթի կանոնների փոխվելը