«Գաղտնի նյութեր» սերիալը երկարացվել է ևս մեկ սեզոնով

14:00 • 21.04.17

«Գաղտնի նյութեր» հեռուստասերիալը երկարացվել է ևս մեկ սեզոնով: Որոշումը կայացվել է շոուի վերսկսումից մեկ տարի անց: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Fox հեռուստատեսային ցանցին:

Հայտնի է, որ «Գաղտնի նյութեր» սերիալը հեռարձակվել է 1993-2002 թվականներին, և ինը սեզոնի ընթացքում ցուցադրվել է 202 սերիա: Տասներորդ սեզոնը թողարկվել է 2016-ին, իսկ 11-րդը հասանելի կլինի սույն թվականի աշնանը. կցուցադրվի 10 սերիա:

Սերիալի գլխավոր հերոսները Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներ Ֆոքս Մադլերն ու Դանա Սկալին են` Դևիդ Դուխովնիի և Ջիլիան Անդերսոնի կատարմամբ:

2016 թվականին սերիալը ստեղծող Քրիս Կարտերը նշել է, որ իր շոուն ավելի ժամանակակից է դարձել, քանի որ համացանցում դեռևս շատ են դավադրության տեսությունները, իսկ չբացահայտված թռչող օբյեկտները դեռևս մտահոգում են մարդկանց:

«Գաղտնի նյութեր» սերիալը երկարացվել է ևս մեկ սեզոնով