Թրամփը ժամանակին պահանջել է, որ իրեն Ալ Պաչինոյի հետ նկարահանեն «Կնոջ բույրը» ֆիլմում
Պարզվում է՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նկարահանվել է հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոյի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկում, սակայն մոնտաժային աշխատանքների ժամանակ ռեժիսորի որոշմամբ նրա դրվագը կտրվել է:
Ինչպես նշում է The Independent-ը, խոսքը վերաբերում է 1992թ. նկարահանված «Կնոջ բույրը» ֆիլմին: Այս մասին պատմել է ֆիլմում Ալ Պաչինոյի խաղընկեր Քրիս Օ՛Դոնելը՝ ամերիկյան հեռուստաշոուներից մեկին հյուրընկալվելու ժամանակ:
Օ՛Դոնելի խոսքով՝ ֆիլմի դրվագներից մեկը պետք է նկարահանվեր Թրամփին պատկանող նյույորքյան հյուրանոցներից մեկում: Plaza Hotel-ում նկարահանում անցկացնելու վերաբերյալ թույլտվություն տալու դիմաց Թրամփը պահանջել է, որ ինքն ու իր այն ժամանակվա կինը՝ Մառլա Մեյփլսը, նկարահանվեն որևէ դրվագում:
Թեև ռեժիսոր Մարթին Բրեստը տեղի է տվել ու նկարահանել է միլիարդատիրոջը և նրա կնոջը, սակայն հետո կտրել է այդ դրվագը:
Հայտնի է, որ Թրամփը ռեժիսորից պահանջել է, որ նկարահանեն, թե ինչպես են ինքն ու կինն իջնում լիմուզինից ու ընթրում ռեստորանում:
Աղբյուրը հավելում է, որ այս դերակատարման համար Ալ Պաչինոն հեղինակավոր «Օսկար» մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում:










