Ստամբուլում երկու հուշաքար է բացվել 1915թ.-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից երկուսի տան դիմաց (տեսանյութ)
Նախօրեին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու թուրք ակտիվիստները հիշատակի միջոցառում են կազմակերպել 1915թ.-ի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված ու մահվան կամ աքսորի դատապարտված 235 հայ մտավորականներից երկուսի տան դիմաց:
Ինչպես հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը, Ստամբուլի Էլմադաղ շրջանում կայացած հիշատակի արարողության ընթացքում հավաքի մասնակիցները պարզել են 235 մտավորականների լուսանկարներով ու անուններով պաստառներ, ինչպես նաև 2007թ.-ին սպանված Հրանտ Դինքի նկարով պաստառը:
Նախաձեռնության հեղինակների ջանքերով Էլմադաղում հայ մտավորականների պատվին երկու հուշաքար է բացվել:
CNN-ի թուրքական ծառայությունը, խոսելով միջոցառման մասին, հատուկ անդրադարձ է կատարել Կոմիտաս Վարդապետին և շեշտել, որ աքսորից 15 օր առաջ Թալեաթ փաշան հոտնկայս է ծափահարել Կոմիտասի ստամբուլյան համերգի ժամանակ:










