Ուիլ Սմիթին առաջարկել են մարդասպանի դեր խաղալ «Մարդ-երկվորյակ» ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջարկել են խաղալ «Մարդ-երկվորյակ» ֆանտաստիկ մարտաֆիլմի գլխավոր` մարդասպանի դերը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր կդառնա Ջերի Բրուքհայմերը, որը հայտնի է «C.S.I. հանցագործության վայր» հեռուստասերիալով և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքով:
Աղբյուրի տվյալների համաձայն` դերասանի հետ բանակցություններ է վարում SkyDance կինոստուդիան: Ներկա պահին քննարկվում են պայմանագրի պայմանները: Ֆիլմում խաղալու համար Ուիլ Սմիթից կպահանջվի կատարյալ արտաքին և տարբեր տարիքի երկու մարդու վերափոխվելու ունակություն:
Հայտնի է, որ Disney-ը գրել է «Մարդ-երկվորյակ» ֆիլմի սցենարը դեռևս 1997 թվականին, սակայն այն ժամանակ որոշել է հրաժարվել նկարահանումներից: Գլխավոր պատճառը եղել է տեսողական էֆեկտների տեխնոլոգիաների ոչ բավարար վիճակը:
Ֆիլմի սցենարի համաձայն` գլխավոր հերոսը փորձառու, բայց ծերացող մարդասպան է, որին ճակատագիրը հակառակորդ է ուղարկում իր կլոնի տեսքով, որն իրենից 25 տարով երիտասարդ է:










