ԱՄՆ-ի մշակութային հատվածն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական մեքենան. The Economist-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմին

16:37 • 27.04.17

Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմին՝ նշելով, որ ելնելով աշխարհաքաղաքական մտավախություններից՝ Հոլիվուդն առ այսօր չէր անդրադարձել այս թեմային:

Աղբյուրը նկատում է, որ «Խոստում»-ի շոշափած թեման բավականին զգայուն է մեծ էկրան հանելու համար:

«Ռեժիսորի առաջ խնդիր էր դրված ազգային ողբերգությունը ներկայացնել հոլիվուդյան կանոններին համապատասխան՝ պատմական դրամայի շրջանակում: Մեկ դարից ավելի կինոստուդիաներն ու սցենարիստները հրաժարվել են այս թեմայից: Ուստի՝ ֆիլմի հաջողության գրավականներից մեկն այն է, որ այն պարզապես շոշափել է մի թեմա, որին նախկինում Հոլիվուդում անդրադարձ չի արվել»,-նշում է The Economist-ը:

Այնուհետև հանդեսը հակիրճ ներկայացնում է ֆիլմի սյուժեն՝ Ցեղասպանության սարսափելի դեպքերի ֆոնին ծավալվող սիրային եռանկյունին:

The Economist-ը նշում է, որ այսօր բազմաթիվ գիտնականներ 20-րդ դարասկզբի դեպքերը ճանաչում են որպես ցեղասպանություն, սակայն Թուրքիան՝ ոչ:

«Եվ քանի որ Թուրքիան կարևոր դաշնակից է Արևմուտքի համար, ուստի՝ ո՛չ Ամերիկան, ո՛չ Մեծ Բրիտանիան և ո՛չ էլ Իսրայելը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,-գրում է աղբյուրը՝ վերհիշելով, որ ԱՄՆ վերջին 2 նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը խուսափեցին պատմական փաստի ճանաչումից ու դատապարտումից:

«Մի խոսքով՝ ԱՄՆ-ի մշակութային հատվածն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական մեքենան: «Խոստումը» ֆիլմը լի է դաժան տեսարաններով: Մարդկանց սպանդը ներկայացված է իրականությանը համապատասխանող դաժանությամբ: Գլխավոր հերոսներին սպանում են հանկարծակի, մայրերին սպանում են երեխաների աչքի առաջ,  մարդկանց հաշված րոպեների ընթացքում մորթում են ու նրանց մարմինները ժողովում իրար վրա: Եվ չնայած, որ ֆիլմի հեղինակները «ցեղասպանություն» բառն օգտագործում են միայն ամենավերջում, այնուհանդերձ՝ ավելորդ է նշելը, որ այդ եզրույթի հիշատակման կարիքը չկա: Ներկայացվող գործողություններն իրենց դաժանությամբ ավելի խոսուն են, քան բուն բառը»,-նկատում է The Economist-ը:

Հանդեսը շարունակում է՝ նշելով, որ 100 մլն դոլարանոց բյուջեով «Խոստումը» ֆիլմը, ըստ վերլուծաբանների, ֆինանսական առումով կարող է տապալվել ու բերել ընդամենը մի քանի տասնյակ մլն դոլար եկամուտ:

«Սակայն «Խոստումը» չի կարելի դատել միայն տնտեսական տեսանկյունից, քանի որ մարդը, որի նախաձեռնությամբ նկարահանվել է ֆիլմը՝ ամերիկահայ բարերար, միլիարդատեր Քըրք Քրքորյանը, ամենևին էլ հետաքրքրված չէր ֆինանսական շահով: Բացի այդ, պետք չէ խիստ կենտրոնանալ դերասանական խաղի վրա: Պետք է գիտակցել, որ ֆիլմի ստեղծման առանցքային նպատակն է լույս սփռել պատմության ամենամութ, շատերի համար անծանոթ էջերից մեկի վրա: Եվ նույնիսկ եթե կինոքննադատներն այն թույլ որակեն և եթե այն քիչ եկամուտ բերի, ֆիլմը, միևնույն է, հասել է իր նպատակին: Մի օր, եթե Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստումը» ֆիլմն անպայման իր ներդրումը կունենա դրանում»,- եզրափակում է աղբյուրը:

 

ԱՄՆ-ի մշակութային հատվածն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական մեքենան. The Economist-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմին