Ամեն անգամ սցենարը կարդալիս չէի կարողանում զսպել հուզմունքս. Օսկար Այզեքը` «Խոստումը» ֆիլմում իր կերպարի մասին
The Independent-ն անդրադարձել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սցենարին` ընդգծելով գլխավոր կերպարները կերտելու բարդությունը:
Պարբերականը ներկայացրել է գլխավոր դերակատար Օսկար Այզեքի մեկնաբանությունը, որը մարմնավորել է ապագա բժիշկ Միքայելի կերպարը, որը ցանկանալով փրկել իր ընտանիքը վերադառնում է հարենի գյուղ, սակայն ավերված ու դիակներով պատված է հայտնաբերում այն:
«Ես ամեն անգամ խորապես հուզվում էի` անդրադառնալով այդ տեսարաններին: Ամեն անգամ սցենարը կարդալիս չէի կարողանում զսպել հուզմունքս: Այդ էր այն մեծ պատճառներից մեկը, որ ցանկացա նկարահանվել ֆիլմում` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր դա պատահել», - ասել է 38-ամյա դերասանը` ելույթ ունենալով Մանհեթենում:
Դերասանի խոսքով` իրեն շատ է օգնել ականատեսներից ու նրանց ժառանգներից լսելն այն ամենի մասին, ինչ կատարվել է Ցեղասպանության ժամանակ: «Թե ինչպես են նրանք մանուկ հասակում ականատես եղել իրենց տատիկների սպանությանը կամ ծառից կախված մարմիններ տեսել», - շեշտ է Այզեքը:
Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմի պրեմիերան` Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին, իսկ ապրիլի 28-ին ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա Մեծ Բրիտանիայում:
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում:










