Վենետիկը նկարիչ Արարատ Սարգսյանին ստիպեց տեսնել Գյումրի դարձած Լենինական քաղաքի հմայքը
ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը Գյումրի դարձած Լենինական քաղաքի հանդեպ իր յուրահատուկ սերն արտահայտել էր 70-ից ավելի կտավներում, որի ցուցադրության բացումն այսօր էր:
«Ցուցահադեսն ամբողջությամբ նվիրված է Գյումրի քաղաքին, ավելի ճիշտ՝ Լեննագան քաղաքին, ինչու եմ ասում Լեննագան, որովհետև մենք՝ այնտեղ ապրողներս, մինչև քաղաքի անվան փոփոխությանը ասում էին Լեննագան, մինչև անգամ խաղ էինք անում, ասում` ինքը լայն տեղ է, այստեղ մարդկանց սրտերը մեծ են»,-ասաց նա:
Նկարիչը Tert.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ այդ սերը գեղանկարչության միջոցով փոխանցելու մտահղացումը առաջացել է պատահականորեն, երբ Վենետիկում էր:
Ըստ նրա՝ Վենետիկը շատ են նկարել իտալացիներն ու օտար շատ նկարիչներ, մինչդեռ իր մանկության ու երիտասարդության Լենինականը, որպես կենդանի քաղաք իր խորապատկերներով ոչ միայն ինքը, այլ շատերը չեն գիտակցել:
«Ես քաղաքը նկարել մտահղացա այն ժամանակ, երբ հայտնվեցի Վենետիկ քաղաքում և մեծ ցանկություն ունեցա՝ վազեմ խանութ, թուղթ գնեմ ու սկսեմ նկարել, որովհետև ֆանտաստիկ սիրուն էր, հետո հասկացա՝ օտարություն կա, և այն հրաշալի քաղաքը, որտեղ ես ծնվել եմ, երբեք նորմալ չեմ նկարել և եկա, սկսեցի նկարել իմ երիտասարդության քաղաքը: Այսպես ծնվեց նախագիծը»,-ասաց նա և նշեց, թե նկարների գրքույկում զուգահեռ է տանում Վենետիկ և Գյումրի քաղաքների միջև որպես մարող քաղաքներ, քանի որ ամբողջ աշխատանքի ընթացքում իրեն ուղեկցել է երկու զգացմունք՝ հիացմունքի և ափսոսանքի զգացմունքները:
Հարցին, թե ինչպես է, որ Գյումրին շատերին թվում է մութ ու սև քաղաք, մինչդեռ նկարչի մոտ նրանք ողողված են գույներով, Արարատ Սարգսյանը պատասխանեց, որ իրականում Գյումրին իսկապես գունավոր է: «Պետք է տեսնել այդ գույները, իսկ մութ ու սև տպավորությունը դա քարերից է, Ղարսը և Գյումրին կառուցվել են մոտակա հանքերի սև քարերից և դրանից է այդպիսի տպավորությունը, բայց, քանի որ կա արևի լույսը, գույներ լինում են շատ»,-ասաց նա:
Նա համաձայնվեց՝ փաստորեն պետք էր հասնել Վենետիկ, հասկանալու Գյումրու ողջ գեղեցկությունը: «Այնտեղ ծնվելով, մեծանալով, ժամանակ առ ժամանակ անդրադարձել էի, բայց ամբողջության մեջ որոշեցի վեդուտային նկարիչների նման, որոնք Վենետիկը նկարել են որպես քաղաքային նկարչության ժանր, ես էլ փորձեցի քաղաքանկարչության ժանրը զարգացնեմ իմ նկարներով, և ուրիշ նկարիչներ նույնպես սիրեն իմ նկարներով և նրանք էլ սկսեն նկարել»,-ասաց նա:
Արարատ Սարգսյանը նշեց, որ ցուցահանեսով հուլիսի 20-ին կլինեն նաև Գյումրիում: Ի դեպ՝ ցուցահանդեսին, մշակութային շատ գործիչներից բացի, ներկա էին նաև դեսպաններ, այլ երկրի գործիչներ ևս:






























