Կիևի օդանավակայանի դիմաց «Եվրատեսիլ-2017»-ին ընդառաջ ներկայացվել է արտ-օդանավ (լուսանկարներ)
«Կիև» օդանավակայանի դիմաց գտնվող հրապարակում հանդիսավորությամբ ներկայացվել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի գույներով պատված օդանավ, հայտնում է eurovision.korrespondent.net-ը։
«Մեր արտ-օդանավը յուրահատուկ է՝ ավելի քան 2 տարի այն ուրախացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին ու բնակիչներին իր վառ տեսքով։ Արդեն արվել են հազարավոր սելֆիներ, որոնք տարածվել են աշխարհով մեկ։ Օդանավը դարձել է օդանավակայանի այցեքարտը։ Սակայն եկել է նրա տեսքը փոխելու ժամանակը։ Դիմավորե՛ք՝ «Եվրատեսիլի» գույներով արտ-օդանավ»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գալինա Բոգդանենկոն։
Օդանավը նկարազարդել են արվեստագետներ Անդրեյ Կովտունն ու Վիկտորյա Լայմը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի համար Ուկրաինան նկարահանել է կարճ տեսահոլովակ, որում ցուցադրվում են նաև Ղրիմի տեսարժան վայրերը։ «Եկեք Ուկրաինա՝ տոնելու բազմազանությունը» խորագրով և 30 վայրկյան տևողությամբ պրոմոհոլովակում ներկայացված են երկրի ամենագողտրիկ վայրերը՝ այդ թվում նաև 2014թ. հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանին միացած Ղրիմ թերակղզին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային գնալ Կիև ու մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով, որ երգչուհին առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու գնացել է Ղրիմ ու այնտեղ ելույթ ունեցել:
Մրցույթն անցկացվելու է Կիևում, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին։
![]()













