Ճապոնացի վարպետն անհավանական քանդակներ է պատրաստում ստվարաթղթե արկղերից (լուսանկարներ)
Որոշ մարդիկ առօրյայում օգտագործվող իրերին նայում են ոչ միայն սպառողի, այլ նաև արվեստագետի աչքով: Այսպես, օրինակ, ճապոնացի արվեստագետ Մոնոմի Օհնոն սովորական ստվարաթղթե արկղերի մեջ գտնում է իր աշխատանքի ոգեշնչման աղբյուրն ու հիմնական նյութը:
Bored Panda-ն գրում է, որ ամեն ինչ սկսվել է Մոնոմիի ուսանողական տարիներից: Աղջիկը սովորել է Օսակայի գեղարվեստի համալսարանում, որտեղ որոշել է մասնագիտանալ 3D անիմացիայի գծով:
Քանի որ անհրաժեշտ ծրագրային ապահովումը ձեռք բերելու համար մեծ գումարներ են պահանջվել, նա որոշել է սկզբում իր 3D մոդելավորման հմտությունները վարժեցնել ստվարաթղթե արկղերի օգնությամբ:
Նշվում է, որ ի սկզբանե վարժեցման համար նախատեսված նախասիրությունը վերածվել է հոբբիի և նույնիսկ վարպետի աշխատանքների յուրահատուկ ուղղվածության: Այժմ Մոնոմին անհավանական քանդակներ է պատրաստում սովորական ստվարաթղթե արկղերից` արդյունքում ստանալով տանկեր, հրացաններ, ավտոմեքենաներ և զանազան ֆանտաստիկ կերպարներ:



















