Eagles ռոք խումբը դատի է տվել Մեքսիկայում գտնվող Hotel California-ն
Ամերիկյան Eagles ռոք խումբը, որին պատկանում է հանրահայտ Hotel California երգը, դատի է տվել Մեքսիկայում գտնվող նույնանուն հյուրանոցը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում ասվում է, որ մեքսիկական Ստորին Հարավային Կալիֆոռնիա նահանգում գտնվող Todos Santos հյուրանոցի տերերն ատիվորեն օգտագործում են Hotel California անվանումը մարկետինգային նպատակներով։
Հայցում նշվում է, որ հյուրանոցի մենեջերները հայտնում են իրենց այցելուներին, որ հյուրանոցն անմիջապես կապված է լեգենդար խմբի պատմության հետ, չնայած դա չի համապատասխանում իրականությանը։
Reuters-ի տվյալների համաձայն՝ մեքսիկական հյուրանոցն իսկապես կրել է Hotel California անվանումը 1950-ական թվականներին, և այդ պահից ի վեր շատ անվանումներ է փոխել։
Նշվում է, որ նախկին բրենդի ակտիվ առաջմղումը սկսվել է այն բանից հետո, երբ 2001 թվականին հաստատությունը ձեռք է բերել Ստյուարտ ազգանունով ամուսնական զույգը Կանադայից։
Հայտնի է, որ Hotel California երգը ներառվել է նույնանուն ալբոմում, որը թողարկվել է 1976 թվականին և դարձել ռոք երաժշտության պատմության ամենահաջողակ ալբոմներից մեկը։










