Փարիզի գիտական և մշակութային շրջանակները կոչ են արել նախագահական ընտրություններին քվեարկել Մակրոնի օգտին
Փարիզի գիտական և մշակութային շրջանակները միաձայն կոչ են արել առաջիկա նախագահական ընտրություններին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին և դեմ գնալ ազգայնական Մարին Լը Պենին:
Ինչպես հայտնում է Parisien-ը, Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան «պաշտպանում է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման և միջազգային կազմակերպությունների լքման հետ»:
Ակադեմիկոսների կարծիքով «միայն ազատ մտածելակերպը կարող է զարգացնել կրթությունը, տեխնոլոգիան ու նորարարությունը, այսինքն՝ այն ամենն, ինչն անհրաժեշտ է Ֆրանսիայի առաջընթացի և տնտեսական մրցունակության համար»:
Երկրի մշակութային գործիչներն իրենց հերթին հավաքվել են և համատեղ հայտարարել, որ միանշանակ ընտրելու են Մակրոնին և չեն տրվելու ազգայնական ալիքին՝ ի դեմս Լը Պենի:
Բազմաթիվ դերասաններ, երգիչներ, հումորիստներ ու հաղորդավարներ վստահեցրել են, որ «ոչ միայն առանց կասկածի են գնալու ընտրության, այլև Էմանուել Մակրոնի հանդեպ լցված շատ մեծ հույսերով»:










