Իսկական լեդի և՛ կինոյում, և՛ կյանքում. այսօր Օդրի Հեփբերնը կդառնար 88 տարեկան (լուսանկարներ)
Մայիսի 4-ին լրանում է 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար գեղեցկության, ճաշակի ու կանացիության խորհրդանիշ դարձած Օդրի Հեփբերնի ծննդյան 88-րդ տարեդարձը:
«Նախաճաշ Տիֆանիի մոտ» և շատ այլ սիրված ու արդեն դասական դարձած ֆիլմերի անզուգական աստղն աշխարհին հայտնի է ոչ միայն իր դերասանական տաղանդով ու բնատուր հմայքով, այլև բարեգործություններով:
Բելգիայում ծնված Հեփբերնն իր փայլուն գործունեության արդյունքում դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի աստղերից մեկը՝ և՛ որպես կինոյի գերաստղ, և՛ որպես նորաձևության աշխարհի դիցուհի, ինչպես նաև որպես ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպության բարի կամքի դեսպան։
Մանկության տարիներին Հեփբերնը սովորել է Լոնդոնում, որտեղ նաև զբաղվել է բալետով՝ նպատակ ունենալով դառնալ պարուհի: Նա մեծ դառնությամբ է հետագայում հրաժարվել իր երազանքից, երբ պարզվել է, որ ֆիզիկական տվյալներով չի բավարարում պրիմա պարուհու պահանջներին։
Ապագա աստղը դերասանական առաջին փորձերն արել է բրիտանական մի քանի երաժշտական ֆիլմերում նկարահանվելով։ Հոլիվուդյան կինոյում իր առաջին իսկ գլխավոր դերի համար Հեփբերն արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին, հոլիվուդյան «Ոսկե Գլոբուս» մրցանակին և բրիտանական կինոակադեմիայի «BAFTA» մրցանակին։
Հեփբերնը կյանքից հեռացել է 1993թ․ հունվարի 20-ին՝ 63 տարեկանում։ Նա մահացել է քաղցկեղից, շվեյցարական Տոլոշենազ քաղաքում, որտեղ էլ գտնվում է նրա շիրիմը:

























