Թող ուժը քեզ հետ լինի. այսօր տոնվում է «Աստղային պատերազմների» օրը (լուսանկարներ)
Այսօր ամբողջ աշխարհում տոնվում է «Աստղային պատերազմների» օրը. ֆանտաստիկ սագայի երկրպագուները ջեդայների, հարձակվողների և այլ կերպարների կոստյումներ են կրում: Սագային նվիրված տոնակատարություններին անդրադարձել է Reuters գործակալությունը:
«Աստղային պատերազմներում» հնչող «Թող ուժը քեզ հետ լինի» արտահայտությունը («May the Force be with you») անգլերենով նման է «May the fourth be with you» արտահայտությանը («Թող մայիսի չորսը քեզ հետ լինի»), ահա թե ինչու տոնը նշվում է հենց մայիսի չորսին:
Նշվում է, որ տոնակատարություններն անցկացվում են տարբեր երկրներում. ֆանտաստիկ սագայի երկրպագուները կազմակերպում են երեկույթներ, կինոմարաթոններ և այլ թեմատիկ միջոցառումներ:
Այս տարի լրանում է ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագայի 40-ամյակը, ինչի կապակցությամբ գերմանական Mercedes-Benz ընկերությունը թողարկել է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարքը: Իսկ ճապոնացի ոսկերիչ Գինզա Տանական ստեղծել է Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտը, որը վաճառքի է հանվել 1,4 միլիոն դոլար գնով:










